ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Ապրել և գործել բարեսրտությամբ

Ապրել և գործել բարեսրտությամբ
18.09.2015 | 00:41

Վեհափառ Հայրապետն ապրեց ոգեղեն մի կյանք՝ աթեիստական ճնշումների դժվարին տարիներին (1955-1994 թթ.)` մոտ քառասուն տարվա գահակալությամբ հայ առաքելական եկեղեցին ծառայեցնելով որպես ժողովրդի հոգևոր ու բարոյական հենարան: Այն եկեղեցին, որը Վեհափառն ինքը համարում էր «մի տեւական անլռելի զանգակատուն, որի մարդասիրական վեհ գաղափարների հիմքերը գտնվում են Քրիստոսի Սուրբ Ավետարանում»:
Այդ տևական անլռելի զանգակատանը նա հավատավոր զավակներին հրավեր էր կարդում՝ եղբայրական սիրո միության մեջ մնալ, ապրել ու գործել բարեսրտությամբ, շինարար աշխատանքով և առաքինի արարումներով:
Ազնիվ ապրումների Անհատը, իր գործունեությամբ, խաչուսյալ հոգևորականի գիտուն ու ճկուն գործելաոճով, կարողացավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին պահել միարար և խաղաղարար համազգային սիրո եղբայրակցության բարձունքում: Նման վերաբերմունքով է, որ դեպի եկեղեցի տանող ճանապարհը հոգո՛ւ թելադրանքով ընտրվող ճանապարհ է, ազա՛տ կամքի և կամովի՛ն անցնելիք ճանապարհ: Վեհափառի հորդորներից մեկը հենց այդ էր. «Ամեն մեկի մտածելու և գործելու ազատությունը պայմանավորված է իր նմանների, իր ազգակից եղբայրների մտածելու և գործելու ազատությամբ»:
Վեհափառի այս հորդորն էլ մեր օրերին այնքա՜ն համահունչ է, ասես հենց մեր ներկայի համար լինի. «Մեր ժողովուրդը, ազգային զարթոնքի հետ զուգահեռ, կարիք ունի նաև բարոյական նկարագրի զարթոնքին: Վասնզի, մարդ-անհատի հոգու գերագույն զարդը, գերագույն պարծանքը բարոյական գիտակցության հրամայականն է, որով իր հոգուց արմատախիլ պետք է անի մնացած արատները, եսակենտրոն մղումները, ինչպիսիք են շահամոլությունը, ընչաքաղցությունը, կաշառակերությունն ու այլևայլ զեղծարարություններն ու մոլորությունները»:
Վազգեն Վեհափառը անսքող սեր ու ակնածանք վայելեց ու շարունակում է վայելել իր սիրեցյալ ժողովրդի կողմից և՛ Հայաստանում, և՛ արտերկրում։ Յուրաքանչյուրը, ով բախտ ունեցավ ոչ միայն ճանաչելու, այլև նրա հետ հաղորդակցվելու, շփվելու, մանավանդ մասնավոր զրույցներ ունենալու, ընդմիշտ վաստակեց այն շնորհներից թեկուզ մի փոքր մաս, որ շռայլորեն բաշխվում էր Հայրապետից եկած լուսավոր ճառագումներով։ Վեհափառին ճանաչողների հիշողության մեջ մշտապես արթուն է հայրենիքի հանդեպ յուրաքանչյուրի ունենալիք պահվածքի, դիրքորոշման, զգացողության ու վերաբերմունքի նրա հորդորը. «Հայեր, որ ի Հայաստան և որ ի սփյուռս աշխարհի, արթնացեք և ուխտեցեք՝ մնալ հավատարիմ ազատն Հայկ Նահապետին և մեր հոգիների Լուսավորչին ամենասուրբ»։
Վեհափառի մասին գրելիս խոսքը, ասելիքն ու գրելիքն ինքնիրեն գալիս են, ու թվում է, թե դա վերջ չունի: Հրաշալի մի իրողություն, որին հաճելիորեն հաճախ են բախվում բոլոր նրանք, ովքեր Հովվապետի մեջ էին տեսնում եկեղեցին, և եկեղեցու մեջ՝ իրեն: Շարունակ անքննելի է մնում, թե այդ ի՞նչ ուժ, ի՞նչ հմայք ու ակնածանք էր առ Վեհափառը, որ ոչ միայն իր ժամանակակիցները, այլև հետագա սերունդը, չունենալով անմիջական շփում, սակայն կամովին տերն են դառնում Վեհափառի անձի շուրջ բերնեբերան եկած, իրեն հասած խոսքերին ու պատմություններին և ջերմ վերաբերմունք արտահայտում: Երանելի մի վիճակ մարդու համար, երբ ժամանակի փոշին չի սրբում ոտնահետքերը, և անցած ճանապարհը չի մամռոտում:
Վեհափառ Հայրապետի հրավերը՝ ապրել ու գործել բարեսրտությամբ, շարունակում է շոյել մեր ունկերը: Փորձենք ապրել ա՛յդ սկզբունքներով, սա մխիթարություն կլինի երջանկահիշատակ Վեհափառին, և մեզ էլ հեռու կպահի ներկա ու հետագա հանդիմանություններից: Ամեն:


Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 1350

Մեկնաբանություններ